Պաննա-կոտտա անանուխով և հատապտղային սոուսով

Իզուր չի, որ ես սիրում եմ Իտալիան և իտալական խոհանոցը: Թվում է, թե բոլոր համեղությունները հենց այնտեղ են ծնունդ առել:

Այսօր պատրաստելու ենք իտալական հրաշալի աղանդեր՝ պաննա-կոտտա, որը թարգմանաբար նշանակում է «եփված սերուցք»:

Այն շատ նուրբ, թեթև, թարմացնող և, իհարկե, հեշտ պատրաստվող աղանդեր է:

Դասական տարբերակում պաննա-կոտտան պատրաստում են  միայն սերուցքից՝ այն էլ 33-36% յուղայնությամբ, բայց ես նախընտրում  եմ վերցնել 20% յուղայնությամբ սերուցք և նաև կաթ ավելացնել, որպեսզի  աղանդերը դառնա ավելի թեթև, փափուկ և պակաս կալորիական:

Եվ այսպես.

 

Բաղադրությունը՝

Սերուցք 20% - 500 մլ

Կաթ  - 500 մլ

Շաքարավազ – 100 գր.

Ժելատին – 15 գր.

Անանուխ  - մի քանի ճյուղ

Սոուսի համար

Ցանկացած հատապտուղ  - 300 գր.

Շաքարավազ – 60 գր.

Եգիպտացորենի օսլա – 2 ոչ լիքը ճ. գդ.

 

Պաննա-կոտտա անանուխով և հատապտղային սոուսով

Պատրաստման եղանակը

Ժելատինի վրա լցնում ենք 50 մլ եռացրած սառեցրած ջուր և դնում մի կողմ:

Սերուցքն ու կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազն ու անանուխը և հասցնում եռման աստիճանի՝ ժամանակ առ ժամանակ խառնելով, որպեսզի շաքարավազը լուծվի:

Անջատում ենք կրակն ու 4-5 րոպե թողնում, որպեսզի զանգվածը մի փոքր սառչի:

Ինչից հետո հանում ենք անանուխի ճյուղերը, կաթնային զանգվածին ենք ավելացնում ժելատինը և լավ խառնում՝ մինչև այն ամբողջությամբ կլուծվի:

Պաննա-կոտտան լցնում ենք գավաթների կամ բաժակների մեջ և դնում սառնարանը՝ մի քանի ժամով, կարելի է նաև ամբողջ գիշեր:

Սոուսի համար հատապտուղները (ինձ մոտ ելակ է) հարում ենք բլենդերում, ստացված զանգվածը լցնում կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազն ու դնում կրակին: Երբ կսկսի եռալ, ավելացնում ենք մի քանի գդալ սառը ջրով բացված օսլան և եփում ևս 1-2 րոպե. սոուսը պետք է  խտանա:

Սոուսը կարելի է մանր քամիկով անցկացնել՝ ելակի հատիկներից ազատվելու համար, սակայն ես դա չեմ անում:

Պաննա-կոտտա անանուխով և հատապտղային սոուսով

Մի փոքր սառեցնում ենք սոուսը, լցնում այն պաննա-կոտտայի վրա և մի քանի ժամով դնում սառնարանը:

Կարելի է զարդարել հատապտուղներով և թարմ անանուխի տերևներով:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ