Պանրային մուս կոնյակով և խաղողով

Ողջույն ընկերներ

Այսօր կիսվելու եմ ֆանտաստիկ, պարզապես աներևակայելի համեղ և օրիգինալ նախուտեստի բաղադրատոմսով, որն արժանի է ընդգրկվել ռեստորանային մենյուում, բայց կարելի է հեշտությամբ պատրաստել տանը՝ ձեր իսկ խոհանոցում:

Սկզբնական բաղադրատոմսում այն պատրաստում են խաղողով, բայց հիմա հատապտուղների սեզոն է, հետևաբար մեծ մեղք կլիներ առիթից չօգտվելը ☺️

Այնպես որ ես համարձակորեն խաղողը փոխարինեցի հաղարջով:

Նախուտեստում շատ հարմար կլինի օգտագործել նաև բալ, սակայն այն պետք է քամել ավելորդ հեղուկից ազատվելու համար:

Իմիջայլոց, եթե չեք սիրում կապույտ պանիր, կարող եք այն պարզապես չօգտագործել:

 

Պանրային մուս կոնյակով և խաղողով

Բաղադրիչները

Տարբեր գույների խաղող – 350 գր.

Կոնյակ – 100 մլ.

Կաթնաշոռային պանիր – 300 գր. (ինձ մոտ «Almette»  է)

Կապույտ պանիր (Ռոքֆոր կամ Դորբլյու) – 50 գր.

Թթվասեր 20 % յուղայնությամբ  – 100 գր.

Կարագ – 50 գր.

Մեղր – 1 ճ. գդ.

1 կիտրոնի ցեդրա

Կեղևը մաքրած նուշ – 30 գր. (կարելի է նաև թեթև տապակած ընկույզ)

Ժելատին – 10 գր.

 

Պատրաստման եղանակը

Պետք է նախօրոք պատրաստել խաղողը:

Դրա համար այն պետք է ատամի փայտիկով կամ ասեղով ծակծկել մի քանի տեղից, դասավորել թասի մեջ և վրան կոնյակ լցնել:

Թասը կափարիչով փակում ենք և 2 օրով դնում սառնարանը, որպեսզի խաղողը թրմվի:

Պանրային մուս կոնյակով և խաղողով

Նուշը 10 րոպեով թրջում ենք եռացած ջրի մեջ, ինչից հետո հանում ենք կեղևը (այն հեշտությամբ դուրս է գալիս), չորացնում ենք և մանրացնում:

Ժելատինի վրա լցնում ենք 50 մլ եռացրած-սառեցրած ջուր և թողնում ենք 20 րոպե, որպեսզի այն ուռչի:

Խաղողը քամիչով քամում ենք: Կոնյակը լցնում ենք փոքրիկ կաթսայի մեջ և լավ տաքացնում ենք այն, բայց չենք եռացնում:

Խաղողի հատիկները երկու մասի ենք  բաժանում, հեռացնում ենք կորիզները:

Խոհանոցային կոմբայնում հարում ենք փափկեցրած կարագը, թթվասերը, կաթնաշոռային պանիրը, Դորբլյու պանիրն ու մեղրը:

Ավելացնում ենք մանրեցրած նուշն ու կիտրոնի ցեդրան, լավ հարում ևս մեկ անգամ:

Ժելատինը գոլորշու վրա հալեցնում ենք հեղուկ վիճակի և լցնում տաք կոնյակի մեջ: Թողնում ենք, որ այն մի փոքր սառչի ու լցնում ենք պանրային զանգվածի վրա:

Լավ խառնում ենք, ինչից հետո ավելացնում ենք կտրատված խաղողը:

Զանգվածը ջրիկ կդառնա, բայց մի անհանգստացեք, սառնարանում այն պնդանալու է:

Պանրային մուս կոնյակով և խաղողով

Պանրային զանգվածը լցնում ենք բաժակների կամ գավաթների մեջ, ծածկում սննդային թաղանթով և թողնում սառնարանում մինիմում 6 ժամ, նախընտրելի է ամբողջ գիշեր:

Խորհուրդ. Եթե սեղանին այլ նախուտեստներ էլ են լինելու, ապա պանրային մուսը լցրեք փոքր գավաթների մեջ, որպեսզի փոքր բաժինները ստացվեն և հյուրերը չհագենան միայն այս մուսով ☺️

Կարող եք զարդարել կտրատված խաղողի գիլաներով, ընկույզով և կիտրոնի ցեդրայով:

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ