

Դդումով կրեմ-ապուր. ֆիրմային բաղադրատոմս
Դդումով կրեմ-ապուր. ֆիրմային բաղադրատոմս
Ողջույն ընկերներ
Դդումի սեզոնը շարունակվում է, ուստի այսօր մեր ճաշացանկում դդումով անհավանական համեղ կրեմ-ապուր է:
Այն հաստատ դուր կգա նույնիսկ նրանց, ովքեր դդում չեն սիրում: Հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում, քանի որ դդումի սիրահար չէի մինչ այն պահը, երբ փորձեցի այս ապուրը: Հյուր էի գնացել և անհարմար էր մերժել տանտիրհու համառ խնդրանքը գոնե մեկ գդալ փորձել: Փորձեցի…և կերա երկու ափսե, ուղղակի անհարմար էր երրորդը խնդրել 😊
Էլ չեմ խոսում այն մասին, որ դդումը վիտամինների և հանքանյութերի իսկական պահեստ է, իսկ հատկապես աշնանն ու ձմռանը շատ կարևոր է իմունային համակարգի ամրապնդումը:
Ես բաղադրատոմսի մեջ իմ սեփական փոփոխություններն եմ արել, ավելացրել եմ որոշ բաղադրիչներ, այնպես որ կարող եմ վստահ ասել, որ սա իմ ֆիրմային բաղադրատոմսն է, որով էլ մեծ հաճույքով կկսիվեմ ձեզ հետ:
Իմ բաղադրատոմսի մեջ պարտադիր մտնում է թարմ ֆենխել, սակայն այն սուպերմարկետներում հազվադեպ է հանդիպում: Եթե ձեր աչքով ընկնի, անպայման այս ապուրի համար գնեք այն: Նկարը դնում եմ, որ հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը:
Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.
Բաղադիրչները՝
Դդում – 1 հատ ոչ շատ մեծ
Ֆենխել – կես հատ
Կոճապղպեղ – 2 լիքը ճ. գդ.
Գազար – 1 հատ
Բուլղարական կարմիր պղպեղ – 1 հատ
Նեխուրի ցողուն կամ փոքր արմատ – 1 հատ
Կարմիր սոխ – 1 հատ
Թարմ չիլի պղպեղ – 1 հատ
Սերուցք 20% - 200 մլ
Ռոքֆոր կամ Դոր Բլյու պանիր – 50 գր. (ըստ ցանկության)
Չորացրած անանուխ – 1 թ. գդ.
Աղացած կարմիր պղպեղ – 0.5 թ. գդ.
Աղ՝ ըստ ճաշակի


Դդումով կրեմ-ապուր. ֆիրմային բաղադրատոմս
Պատրաստման եղանակը՝Դդումը կտրատում ենք խորանարդաձև. չափսը կապ չունի, միևնույն է բոլոր բաղադրիչները հարելու ենք բլենդերում:
Կտրատված դդումը դնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք մաքրած և կտրատված նշված ողջ բանջարեղենը ու համեմում աղով: Կաթսայի մեջ այնքան ջուր ենք լցնում, որ լինի բանջարեղենի մակարդակից մի փոքր ցածր:
Կաթսան դնում ենք կրակին և եփում՝ մինչ բանջարեղենների պատրաստ լինելը՝ մոտ կես ժամ:
Ինչից հետո ավելացնում ենք պանիրն ու հարում ձեռքի բլենդերով՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
Այնուհետև լցնում ենք սերուցքը (եթե զգում, որ ձեր ապուրը թանձր է ստացվել, կարող եք մի քիչ եռացրած ջուր ավելացնել):
Կաթսան դնում ցածր կրակին, որպեսզի սերուցքը տաքանա:
Ուշադրություն. հանկարծ չեռացնեք՝ այդպես սերուցքը կարող է կտրվել:
Վերջում ավելացնում ենք աղացած կարմիր պղպեղը և չորացրած անանուխը:
Վերջ, մեր համեղ ու շատ հեշտ պատրաստվող ապուրը պատրաստ է: Կարելի է մատուցել դդումի բոված սերմերով:
Բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected