

Հավի բդիկներ մոցարելլայով
Հավի բդիկներ մոցարելլայով
Ողջույն ընկերներ
Այսօր մենք պատրաստելու ենք շատ օրիգինալ, համեղ ու հեշտ ուտեստ՝ հավի բդիկներ մոցարելլայով և եգիպտացորենով:
Դուք կարող եք վերցնել հավի ցանկացած մաս, որը սիրում եք՝ բդիկի ներքի մասը, թևիկներ և նույնիսկ կրծքամիս:
Այս ուտեստի մեջ գլխավորն օրիգինալ մարինադն է և սոուսը, որոնք էլ մսին յուրահատուկ բույր ու պիկանտ համ են փոխանցում, իսկ հալված մոցարելլայի հետ համադրությամբ ուտեստը յուրատեսակ շուք է ձեռք բերում:
Եվս մեկ պահ. ես ուտեստը պատրաստեցի եգիպտացորենով, բայց հասկացա, որ շատ հանգիստ կարելի է և այն չօգտագործել:
Եվ այսպես, մեզ պետք է.
Հավի բդիկներ մոցարելլայով
Բաղադրիչները`
Հավի բդիկների վերևի հատված – 3 հատ
Մոցարելլա – 200 գր.
Թարմ խաշած կամ պահածոյացված եգիպտացորեն – 1 ճ. գդ.
Մարինադի համար
Կարրի փոշի - 1 ճ. գդ.
Մանրացված սխտոր կամ սխտորի փոշի – 1 ճ. գդ.
Աղ – 1 թ. գդ.
Կոճապղպեղի փոշի – 1 թ. գդ.
Աղացած սև պղպեղ – 1 թ. գդ.
Օրեգանո – 1 թ. գդ.
Կաթ – 350 մլ
Բարբեքյու սոուս
Չիլի փոշի – 1 թ. գդ.
Սոյայի սոուս – 1 ճ. գդ.
Չոր սպիտակ գինի – 2 ճ. գդ.
Մեղր - 1 ճ. գդ.
Կետչուպ – 2 ճ. գդ.
Կոճապղպեղի փոշի – 1 թ. գդ.
Աղացած սև պղպեղ – 1 թ. գդ.
Սխտորի ջուր – 5 ճ. գդ.
Սխտորի ջուր
Մանրացված սխտոր – 1 ճ. գդ.
Ջուր – 5 ճ. գդ.
Հավի բդիկներ մոցարելլայով
Պատրաստման եղանակը
Լվանում ենք հավի բդիկները, չորացնում թղթե սրբիչով և կտրում երկու մասի: (Կարելի է հեռացնել ոսկորը):
Բդիկները դնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մարինադի համար նախատեսված չոր բաղադրիչները, լցնում ենք կաթն ու լավ խառնում:
Փակում ենք կափարիչով և ամբողջ գիշեր թողնում սառնարանում:
Պատրաստում ենք սխտորի ջուրը.
Ճզմում ենք սխտորը, ավելացնում ջուրը և թողնում 30 րոպե: Այնուհետև անցկացնում ենք մաղի միջով. մեզ պետք է գալու միայն հեղուկը:
Սխտորի ջրին ավելացնում ենք բարբեքյու սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները՝ բացառությամբ աղացած սև պղպեղի, և խառնում ենք:
Սոուսը լցնում ենք տապակի մեջ և եփում ենք մարմանդ կրակի վրա 6-7 րոպե (սոուսը պետք է թանձրանա): Վերջում ավելացնում ենք սև պղպեղը:
Միսը հանում ենք մարինադի միջից և դնում քամիչի վրա՝ ավելորդ հեղուկից ազատվելու համար:
Բդիկները դնում ենք ջեռոցի ցանցի վրա, իսկ ցանցի ներքևում՝ տապակ ենք տեղադրում, որպեսզի յուղը դրա վրա կաթա:


Բդիկները տեղափոխում ենք նախապես 200° տաքացրած ջեռոցը՝ 30-35 րոպեով: Երբ միսը մի կողմից կարմրում է, շուռ ենք տալիս և թողնում ևս 10-15 րոպե:
Պատրաստի բդիկները դնում ենք ափսեի մեջ և երկու կողմից քսում մեր բարբեքյու սոուսը (ավելի հարմար կլինի դա անել խոհանոցային վրձինով):
Մաքուր տապակի վրա լցնում ենք քերած մոցարելլան, այնուհետև՝ եգիպտացորենը, վրան՝ շարում բդիկները: Տապակը դնում ենք թույլ կրակին և հալեցնում պանիրը:
Պատրաստի ուտեսը պետք է անմիջապես մատուցել՝ հենց տապակի մեջ, քանի դեռ մոցարելլան հալված է:
Պարզ և անչափ համեղ
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected