Բիթլիսի կծու ապուր

Ողջույն ընկերներ

Քանի որ ես շատ եմ սիրում արևմտահայկական խոհանոցը, այսօր որոշեցի ձեզ հետ կիսվել մի շատ հետաքրքիր ապուրի օրիգինալ բաղադրատոմսով:

Այն ինձ փոխանցել է իմ բարեկամուհին, ով գաղթել էր Արևմտյան Հայաստանից: Նա վաղուց մահացել է, սակայն ի հիշատակ նրա, ես հաճախ եմ պատրաստում այս ապուրը, որը հիացնում է բոլոր համտեսողներին:

Չեմ կարող հստակ խոսել ապուրի ծագումից, սակայն, ելնելով անվանումից, ակնհայտ է, որ այն պատրաստում էին բիթլիսահայերը:

Չնայած առաջին հայացքից թվացյալ բարդությանը, ուտեստը բավականին հեշտ է պատրաստվում:

Եվ այսպես, սկսենք

 

Բիթլիսի կծու ապուր

Բաղադրիչները՝

 

Արգանակի համար

Ոսկրածուծով տավարի ոսկոր - 1-2 հատ

Չիլի պղպեղ - 1 հատ

Կես կիտրոնի հյութ

Տոմատի մածուկ - 1 ճ. գդ

Աղ՝ ըստ ճաշակի

 

Ֆարշի համար

Տավարի աղացած միս - 1 կգ

Մանր աղացած բլղուր - 1 բաժակ

Աղացած սև պղպեղ - 1 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Միջուկի համար

Սոխ - 2 գլուխ

Թթու սալորաչիր կամ նռան հատիկներ - 200-300 գր.

Չորացրած ռեհան - 2 ճ. գդ.

Անանուխ - 1 ճ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ - 1 ճ. գդ.

Բուսայուղ - 4 ճ. գդ.

Կարագ - 30 գր.

 

Պատրաստման եղանակը

Լվանում ենք ոսկորնեն ու դնում եփվելու:

Հենց ջուրը կսկսի եռալ, գցում ենք չիլի պղպեղը: Եթե ուզում եք, որ ապուրը լավ կծու ստացվի, մինչ պղպեղը գցելը պետք է վրան կտրվածք անել, որպեսզի կծվությունը լավ դուրս տա:

Ես միշտ այդպես եմ անում. ինձ համար որքան կծու, այնքան լավ☺️

Եռալուց հետո եփու ենք 30 րոպե, վերջում ավելացնու ենք աղը:

Մինչ ոսկորները կեփվեն, պատրաստենք ֆարշը:

Միսը երկու անգամ աղում ենք մսաղացով. զանգվածը պետք է շատ միատարր լինի:

Դրանից հետո ձեռքերով հունցում ենք միսը, ծեծում այն՝ ֆարշը ձեռքից թասի մեջ գցելով: Ծեծելու ընթացքում ֆարշին ավելացրեք 50 մլ ջուր:

Դուք հաստատ կտեսնեք տարբերությունը. ֆարշը կդառնա ավելի նուրբ և փքուն:

Լվանում ենք բլղուրը, ավելացնում ֆարշին, համեմում աղով և պղպեղով, լավ խառնում ենք և մի կողմի վրա դնում՝ հանգստանալու:

Անցնենք միջուկի պատրաստմանը:

Տապակի մեջ տաքացնում ենք բուսայուղն ու կարագը: Մանր կտրատում ենք սոխն ու տապակում՝ մինչև թեթև ոսկեգույն դառնալը:

Սոխին ավելացնում ենք նռան հատիկները: Եթե պատրաստում եք սալորաչրով, ապա այն սկզբից պետք է ջրի մեջ դնել 10 րոպեով, հետո չորացնել և նոր միայն ավելացնել սոխին:

Զանգվածին ավելացնում ենք փոշիացված չորացրած կանաչին և կարմիր պղպեղը:

Պատրաստում ենք կոլոլակները:

Դրա համար վերցնում ենք 2 ճ. գդ. ֆարշ, դնում ենք ափի մեջ, մի փոքր փոս անում և այնտեղ լցնում 2 թ. գդ. միջուկից: Կոլոլակներից յուրաքանչյուրում պետք է լինի մեկական սալորաչիր:

Այ այսպես

ապուր, կծու ապուր, բիթլիսի կծու ապուր, արևմտահայկական խոհանոց, Արևմտյան Հայաստանի խոհանոց, բաղադրատոմս Բիթլիսի կծու ապուր

 

Մսին գնդի տեսք ենք տալիս: Գնդերը պետք է մի փոքր ավելի խոշոր ստացվեն, քան սովորական կոլոլակների դեպքում է:

Քամիչով արգանակը քամում ենք, և նորից դնում կրակին, ավելացնում 1 ճ. գդ տոմատի մածուկ և խառնում: Երբ այն կսկսի եռալ, դրա մեջ հերթով ավելացնում ենք կոլոլակները. պետք չէ բոլորը միասին գցել:

Եթե ձեզ մոտ միջուկից ավելացել է, ապա այն նույնպես լցրեք ապուրի մեջ: Կոլոլակները եփվում են մոտ 25-30 րոպե:

Վերջում ավելացնում ենք կիտրոնի հյութը և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր աղ:

Մատուցելիս ապուրի վրա լցնում ենք մանր կտրատված համեմ, կարող եք զարդարել նաև կիտրոնի կտորով:

Ահա և վերջ

Այնպայման պատրաստեք և վայելեք այս ապուրի անզուգական համը:

Բարի ախորժակ

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ