Բեյլիս

Ողջույն ընկերներ,

Հյուրեր ունե՞ք …ուրեմն անպայման պատրաստեք այս նուրբ, շոկոլադա-մուսսային տորթը՝ Բեյլիսը:

Երևի ինչպես անվանումից հասկացաք, գլխավոր բաղադրիչը, որը և տորթին իր յուրահատուկ համն է տալիս, Baileys լիկյորն է, և, իհարկե, բարձրորակ շոկոլադը:

Առհասարակ, եթե շոկոլադը մտնում է ինչ-որ աղանդերի բաղադրիչների մեջ, ապա, ինձնից ձեզ խորհուրդ, անպայման ընտրեք որակյալ թանկ շոկոլադ. դրանից ձեր աղանդերը միայն կշահի:

Այս աղանդերը շատ հեշտ է պատրաստվում և, որ ամենակարևորն է, այն կարող եք պատրաստել նախօրոք. աղանդերը հեշտությամբ սառնարանում մեկ օր կսպասի ձեր հյուրերին:

Հա, ուզում եմ նաև խոսել այս աղանդերը պատրաստելու կարևոր խոհանոցային պարագայի՝ բացվող օղակի մասին. այն նախատեսված է բարձր կողքերով տորթերը հավաքելու համար:

Կցում եմ նկարը՝

Բեյլիս, մուսս, մուս, աղանդեր, տորթ, մուսային տորթ, Бейлис

Եթե չունեք այդպիսի օղակ,ես խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում ձեռք բերել. այն պետք է գալիս այսպիսի մուսսային տորթերի պատրաստման, ինչպես նաև բազմաշերտ աղցանները հավաքելու համար:

Դրանով դուք կարող եք հավաքել տարբեր տրամագծի տորթեր՝ համապատասխանաբար կարգավորելով նաև օղակի տրամագիծը:

Եվ այսպես.

Բեյլիս

Բաղադրիչները՝

Բիսկվիթի համար

Ձու – 5 հատ

Շաքարավազ - 5 ճ. գդ.

Ալյուր – 4 ճ. գդ.՝ լիքը

Կակաո – 3 ճ. գդ.

Խմորի փխրեցուցիչ – 1 թ. գդ.

Աղ -  1 պտղունց

Մուսսի համար

Սերուցք 36% - 800 մլ

Շաքարի փոշի – 3 ճ. գդ.

Դառը շոկոլադ՝ մինիմում 80% - 100 գր.

Սպիտակ ծակոտկեն շոկոլադ – 100 գր.

Լիկյոր Baileys – 60 մլ

Գանաշի համար

Կաթ – 50 մլ

Դառը շոկոլադ – 100 գր.

Կարագ – 20 գր.

Բիսկվիթը թրջելու համար

Լիկյոր Baileys – 50 մլ

Ջուր – 50 մլ

 

Բեյլիս

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք բիսկվիթը

Ջեռոցը տաքացրեք 180°

Ձուն խառնում ենք շաքարավազին, ավելացնում 1 պտղունց աղն ու հարում՝ մինչև կստատանք սպիտակ փքուն զանգված:

Զանգվածին ավելացնում ենք ալյուրը, կակաոն և փխրեցուցիչն ու խառնում արդեն արդեն վենչիկով:

Հանվող կողքերով կլոր ֆորմայի հատակը ծածկում ենք պերգամենտով, կողքերին և հատակին բուսայուղ քսում, լցնում խմորն ու տեղափոխում ջեռոցը՝ 25-30 րոպեով:

Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգեք փայտիկով. այն պետք է չոր դուրս գա բիսկվիթից:

Այնուհետև բիսկվիթը թողնում ենք հենց ֆորմայի մեջ սառչի, ինչից հետո հանում ենք այնտեղից, կիսում երկու հավասար մասի:

Բեյլիս

Անցնենք մուսսի պատրաստմանը

 

Երկու առանձին կաթսաների մեջ լցնում ենք 100-ական մլ սերուցք, տաքացնում դրանք թույլ կրակի վրա՝ ոչ մի դեպքում թույլ չտալով, որ եռան:

Տաքանալուց հետո անջատում ենք կրակը, մի կաթսայի մեջ լցնում ենք մանր կտորներով ջարդած սև շոկոլադը, մյուսի մեջ՝ սպիտակը:

Խառնելով հալեցնում շոկոլադները՝ ստանալով առանց գնդիկների միատարր 2 զանգված:

Ինչից հետո հարում ենք մնացած 600 մլ սերուցքը: Սկսում ենք ցածր արագությամբ՝ աստիճանաբար այն ավելացնելով և դրան զուգահեռ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշին:

Այնուհետև ստացված զանգվածին ավելացնում ենք հալված շոկոլադները, հարում ենք միջին արագությամբ, վերջում լցնում լիկյորն և շարունակում հարել ևս մի անի վայրկյան:

Եթե մուսսը ձեզ մոտ խիտ է ստացվել, կարող եք ևս 10-20 մլ լիկյոր ավելացնել. սրանից միայն մուսսի համը կդառնա ավելի հարուստ ու հագեցած:

Բեյլիս

Հավաքում ենք տորթը

 

Տորթը հավաքում ենք հենց այն ափսեի մեջ, որով մատուցելու ենք. խորհուրդ չի տրվում ամանից աման տեղափոխել տորթը, քանի որ այն կարող է քանդվել:

Բիսկվիթը թրջելու համար խառնում ենք եռացրած սառեցրած ջուրն ու լիկյորը: Կարող եք ավելացնել նաև 1 թ. գդ. շաքարի փոշի:

Կլոր ափսեի վրա դնում ենք բիսկվիթի առաջին կորժը, վրան հավասարաչափ տարածում թրջելու համար նախատեսված զանգվածի ուղիղ կեսը: Դնում ենք օղակը կորժի դրամագծով, լցնում մուսսի կեսը, ծածկում երկրորդ կորժով, թրջում այն և վրան լցնում մնացած մուսսը:

Ծածկում ենք սննդային թաղանթով և ամբողջ գիշեր թողնում սառնարանում:

Հաջորդ օրը տորթի վրայից զգուշորեն հանում ենք սննդային թաղանթն ու օղակը և հավասարեցնում տորթի կողքերն ու վերևի հատվածը:

Բեյլիս

Գանաշը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնում ենք կաթը, անջատում կրակը տաքացնում այն և անջատում այն, մեջը լցնում մանրեցված շոկոլադը, հալեցնում՝ մինչ միատարր զանգված ստանալը և ավելացնում ենք կարագը. այն փայլ ու համ է հաղորդում:

Թողնում ենք, որ գանաշը մի փոքր սառչի և լցնում ենք տորթի վրա:

Տորթը դնում ենք սառնարանում՝ մինչ հյուրերին մատուցելը:

Ահա և վերջ:

Իհարկե այսպես գրելով երկար է ստացվում, բայց մի վախեցեք J. տորթն իսկապես հեշտ է պատրաստվում, իսկ ձեր հյուրերն ուղղակի կհիանան դրա համով:

Բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ