Սթեյք Ռիբայ բանջարեղենով

Ողջույն ընկերներ

Իսկ դուք սիրու՞մ եք սթեյք այնպես, ինչպես ես եմ այն սիրում

Չնայած ի՞նչ հարց եմ տալիս 😊 Ո՞վ չի սիրում գրիլի վրա պատրաստված այդ ախորժելի մսի հսկա կտորները:

Համաշխարհային խոհանոցում կա սթեյքի կտրվածքի և պատրաստման ավելի քան 100 եղանակ, բայց այս ամբողջ բազմազանությունից իմ սիրելին, միանշանակ, սթեյք Ռիբայն է՝ տապակած մսի էտալոնը:

Այն առանձնանում է իր մարմարեության ամենաբարձր մակարդակով և հյութեղությամբ: Տապակելիս յուղը հալչում է և հյութով տոգորում միսը՝ այսպիսով փափկացնելով մսի մանրաթելերը:

Այս սթեյքի ևս մեկ գլխավոր առավելությունն այն է, որ այն պատրաստվում է շատ պարզ և արագ:

Եվ այսպես.

Բաղադրիչները՝ (մեկ բաժնի համար)

Սթեյք Ռիբայ – 1 կտոր

Սխտոր – կես պճեղ

Կարագ – 15 գր

Թարմ ռոզմարին – 1 ճյուղ

Աղ՝ ըստ ճաշակի

Թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Սթեյք Ռիբայ բանջարեղենով

Պատրաստման եղանակը

Լվանում ենք սթեյքն ու չորացնում թղթե սրբիչով:

Տապակելուց անմիջապես առաջ համեմում ենք աղով և սև ու կարմիր պղպեղներով:

Տաքացնում ենք գրիլ տապակը՝ առանց յուղ ավելացնելու:

Պետք չէ տխրել, եթե չունեք այդպիսի տապակ. կարող եք օգտագործել հաստ հատակով ցանկացածը:

Սթեյքը մի կողմից տապակում ենք ուղիղ 3 րոպե՝ միջին կրակին: Ապա այն շրջում ենք աքցանով կամ բահիկով, բայց ոչ մի դեպքում պատառաքաղով, որպեսզի սթեյքը չծակենք:

Սխտորի պճեղը բաժանում ենք երկու մասի և կտրած կողմոմ լավ քսում ենք մսի վրա, որպեսզի այն իր բույրը փոխանցի: Այնուհետև մսի վրա դնում մի կտոր կարագն ու ռոզմարինի ճյուղը և տապակում ենք ուղիղ 3 րոպե:

Միսը հանում ենք և դնում տաք ափսեի կամ փայտե տախտակի վրա, ծածկում ենք ֆոլգայով և թողնում ենք հանգստանա 3-4 րոպե:

 

Մատուծեք ցանկացած խավարտով: Ինձ մոտ տապակած բանջարեղեն է:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

baro axorjak, xohanoc, baxadratoms, baxadratomser, baghadratoms, baghadratomser, բարի ախորժակ, բառի ախորժակ, բաղադտատոմ, բաղադրատոմսեր, խոհանոց