Պանրով պիրոգ՝ շերտավոր խմորից

Ողջույն ընկերներ

Այսօր ես ձեզ հետ կկսիվեմ իմ սիրելի բաղադրատոմսերից մեկով. պանրով պիրոգ՝ շերտավոր խմորից:

Այն իսկապես շատ հեշտ ու արագ է պատրաստվում, հատկապես արդեն պատրաստի խմորով, որը, անկասկած, կա գրեթե բոլոր տանտիրուհիների սառնարաններում☺️

Այս պիրոգը հանգիստ ու վստահ կարող եք պատրաստել ոչ միայն ընտանիքի անդամների, այլև հյուրերի համար. նախ այն բավականին տոնական տեսք ունի, երկրորդը՝ այն շատ համեղ, նուրբ ու պիկանտ նախուտեստ  է:

Եվ այսպես.

Բաղադրիչները՝

Շերտավոր խմոր – 400 գր.

Պանիր՝ Ադիղե կամ Ալաշկերտ (ոչ շատ աղի) – 200 գր.

Սուլուգունի – 100 գր.

Կաթնաշոռ 9% - 200 գր.

Թթվասեր – 200 գր.

Ձու – 3 հատ

Օսլա – 2 լիքը ճ. գդ.

Թարմ համեմ – կես կապ

Թարմ մաղադանոս – կես կապ

Թարմ կամ չորացրած անանուխ – 1 թ. գդ.

Մշկընկույզ – ¼ թ. գդ.

Պաքսիմատ – 1 լիքը ճ. գդ.

 

Պանրով պիրոգ՝ շերտավոր խմորից

Պատրաստման եղանակը

Շերտավոր խմորը ոչ այնքան բարակ գրտնակում ենք ալյուրոտված աշխատանքային մակերսի վրա:

Չափսերով խմորը պետք լինի մի փոքր ավելի մեծ, քան մեր ֆորման է, որի մեջ պատրաստելու ենք պիրոգը:

Ֆորմայի վրա բուսայուղ ենք քսում, խմորը տեղափոխում դրա մեջ՝ կողքերը ձևավորելով այնպես, ինչպես ցույց է տրված նկարում:

  պանրով պիրոգ շերտավոր խմորից, պիրոգ, պանրով պիրոգ, պանրով, շերտավոր խմոր, պանրով ուտեստ, պանիր

Պանրով պիրոգ՝ շերտավոր խմորից

   

Խմորը պատառաքաղով ծակծկում ենք մի քանի տեղից և դնում սառնարանը՝ 15-20 րոպեով:

Այդ ընթացքում պատրաստում ենք պանրային զանգվածը:

Թասի մեջ լցնում ենք մեծ քերիչով անցկացրած պանիրը, թթվասերը, կաթնաշոռը, մի փոքր հարած ձուն, օսլան և լավ խառնում ենք: Իմիջայլոց՝ ես հաճախ օգտագործում եմ Yeremyan PRODUCTS ընկերության թթվասերն ու կաթնաշոռը, որովհետև եղել եմ  արտադրամասում և գիտեմ, որ կաթնամթերքն այնտեղ պատրաստվում է բնական կաթից: 

Վերջում ավելացնում ենք մանր կտրատված կանաչին, մշկընկույզն ու անանուխը:

Ի դեպ, այս փուլում հանգիստ կարող եք ձեր երևակայությանն ու նախասիրություններին ազատություն տալ և միջուկին ավելացնել, օրինակ, ուրց, մանր կտրատված բուլղարական պղպեղ, ձիթապտուղներ, կանաչ ոլոռ կամ լոլիկ:

Մի խոսքով, ստեղծագործեք որքան ձեր սիրտը կուզի ☺️

Պանրով պիրոգ՝ շերտավոր խմորից

Ստեղծագործել և էքսպերիմենտներ անել, փորձել նոր համեր ու համադրություններ. սա իմ կրեդոն է խոհանոցում:

Սառնարանից հանում ենք խմորով ֆորման, վրան առատ շերտով ցանում ենք պաքսիմատը  (որպեսզի խմորը չթրջվի), լցնում պանրային զանգվածը և ֆորման ուղարկում 180° տաքացրած ջեռոցը՝ 35-40 րոպեով:

Պանրային զանգվածը պետք է բարձրանա և թեթև կարմրի:

Անջատում ենք ջեռոցն ու պիրոգը թողնում ներսում 10 րոպե. պետք չէ այն միանգամից հանել, որպեսզի չնստի:

Վուալյա, ահա և վերջ

Ամենայն բարիք և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ