Պասուց տոլմա

Ողջույն ընկերներ

Շարունակելով պասային բաղադրատոմսերի թեման՝ առաջարկում եմ պատրաստել հայկական խոհանոցի ամենավանդական պասային ուտեստը՝ պասուց տոլման, սակայն ոչ հայտնի և տարածված, այլ իմ օրգինալ մեկնաբանությամբ:

Եվ այսպես, սկսենք:

Բաղադրությունը՝

Բրինձ - 350 գր.

Ոսպ - 300 գր.

Չամիչ (ցանկացած) - 250 գր.

Սոխ - 2 մեծ գլուխ

Խաղողի տերև                                                                                                                                

Չորացրած կանաչեղեն՝անանուխ, ուրց (чабрец), ռեհան, ծիտորն  - 2-ական թ. գդ.

Չորամրգեր՝ սալոր կամ ծիրան - 1 բուռ

Բուսայուղ - 300 գր.

Աղ՝ ըստ ճաշակի

Կարմիր կծու պղպեղ՝ ըստ ցանկության

 

Պատրաստման եղանակը

Լավ լվանում ենք բրինձն ու ոսպը (ջուրը մի քանի անգամ փոխելով):

Դնում ենք եփվելու՝ հասցնելով կիսաեփ վիճակի:  Քամում ենք ջուրն ու լցնում մեծ թասի մեջ:

Սոխը կտրատում ենք խորանարդաձև ու տապակում բուսայուղի մեջ՝ մինչև թեթև ոսկեգույն դառնալը: Ավելացնում ենք չորացրած կանաչեղենը, աղն ու պղպեղը, և այն լցնում  բրձի ու ոսպի վրա: Այստեղ ավելացնում ենք նաև  լվացած և քամված չամիչը:

Զանգվածը լավ խառնում ենք, որպեսզի բոլոր համերն ամուսնանան ☺️

Խաղողի տերևները վաճառվում են արդեն մարինացված՝ այսինքն դրանք փափուկ են, այնպես որ պետք է պարզապես դրանք լվանալ հոսող ջրով և դնել քամիչի մեջ:

Բայց եթե տերևները կոշտ են, ապա դրանք պետք է 10 րոպե եփել:

Պասուց տոլմա

Ֆարշը փաթաթում ենք տերևների մեջ (տերևները դնում ենք հարթ կողմով ներքև):

Կարծում եմ՝ այս պրոցեսը շատ լավ ծանոթ է բոլոր տանտիկիններին, երկար բացատրելու կարիք չկա, ուղղակի ասեմ, որ տոլման պետք է ավելի մեծ լինի, քան մսովը, դրա համար եթե տերևները մեծ են, փաթաթելուց վերցնում ենք 2-ական, իսկ եթե փոքր՝  3-4 - ական:

Փաթաթված տոլմաները շարում ենք կաթսայի մեջ՝ չմոռանալվ շարքերի արանքում լցնել չորամրգերը:

Ջուրը լցնում ենք այնպես, որ այն մի փոքր ծածկի տոլմայի վերևի շարքին:

Վերևից դնում ենք ափսեն, որպեսզի եռալու ընթացքում տոլման լինի սեղմված. հակառակ դեպքում տերևները կարող են բացվել:

Եռման աստիճանի հասցնում ենք միջին կրակի վրա, այնուհետև կրակն իջեցնում և եփում արդեն թույլ կրակով մոտ մեկ ժամ:

Պատրաստ լինելուն պես կրակն անջատում ենք ու տոլմային ձեռք չենք տալիս՝ մինչև սառչելը:

Ահա և վերջ

Հաջողություն և բարի ախորժակ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

    Բարի ախորժակ