Խոզի անուշաբույր սրունք մեղրա-մանանեխային սոուսում

Ողջույն ընկերներ

Նոր տարուն հաշված օրեր են մնացել, և տանտիրուհիները, իհարկե, վերջնական տեսքի են բերում տոնական մենյուն, որտեղ, ամենայն հավանականությամբ, կարևոր տեղ է զբաղեցնում ավանդական խոզի բուդը:

Այսօր ես կկիսվեմ բաղադրատոմսով, որը հիանալի կփոխարինի խոզի բդին՝ խոզի սրունք (այս հատվածն ընկնում է ազդրի կամ թիակի և ծնկի մեջտեղում):

Խորհուրդ. վերցրեք դիմացի սրունքը, այն ավելի համեղ է, յուղի շերտը բարակ է և քիչ ջլոտ է:

Քանի որ սրունքը մեծ չէ, շատ հյուրերի դեպքում կարող եք մի քանի հատ պատրաստել:

 

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

 

Բաղադրիչները՝

Խոզի սրունք – 1 հատ

Դիժոնյան մանանեխ – 1 ճ. գդ.

Աղացած սև պղպեղ – 1/3 թ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ – 0,5 թ. գդ.

Օրեգանո – 0,5 թ. գդ.

Մեղր – 1 ճ. գդ.

Չոր գինի – 100 մլ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Մարինադի համար

Ջուր – 2-2,5 լ.

Կոճապղպեղ – 40 գր.

Սխտոր – 2 պճեղ

Թարմ չիլի պղպեղ – 1 հատ

Դափնու տերև - 2 հատ

Հատիկավոր սև պղպեղ – 6-8 հատիկ

Բուրավետ պղպեղ – 5 հատիկ

Համեմի սերմեր – 1 թ. գդ.

Աղ – 1,5 ճ. գդ.

 

Խոզի անուշաբույր սրունք մեղրա-մանանեխային սոուսում

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին պատրաստում ենք մարինադը:

Ջրով կաթսայի մեջ ավելացնում ենք մարինադի համար անհրաժեշտ բոլոր բաղադիրչներն ու դնում ուժեղ կրակի վրա:

Եռալուց հետո եփում ենք ևս 1 րոպե, այնուհետև անջատում ենք կրակն ու թողնում մինչ ամբողջությամբ կսառչի:

Իմիջայլոց, մարինադի հրաշալի բույրը տարածվելու է խոհանոցով մեկ:

Մեծ տարայի մեջ դնում ենք լավ լվացած խոզի սրունքը, որը պետք է նախօրոք մի քանի տեղից ծակծկել: Սրունքի վրա լցնում ենք մարինադն այնպես, որ ամբողջությամբ ծածկի այն:

Տարան փակում ենք կափարիչով, դնում սառը տեղ՝ մի քանի ժամով: Ես, սովորաբար, թողնում եմ ամբողջ գիշեր:

Մարինացված սրունքը չորացնում են թղթե սրբիչով:

Ամանի մեջ խառնում ենք մեղրը, մանանեխը, օրեգանոն, սև ու կարմիր պղպեղը և ստացված զանգվածը բոլոր կողմերից քսում խոզի սրունքին:

Տապակը (ցանկալի է բարձր եզրերով) ծածկում ենք ֆոլգայի երկու շերտով. դրա վրա դնում սրունքը, վրան լցնում գինին և սրունքն ամուր փաթաթում ֆոլգայով:

Տապակն ուղարկում ենք 200 միացրած ջեռոցը 1,5 ժամով, ինչից հետո բացում ենք ֆոլգան և տապակում ևս 10 րոպե՝ մինչ կաշին կկարմրի:

Վերջ, մեր ուտեստը պատրաստ է: Միսն այնքան նուրբ է ստացվում, որ ուղղակի հալչում է բերանում:

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ


 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ