Խարչո. վրացական խոհանոցի իսկական հպարտությունը

Ողջույն, ընկերներ

Վրացական ուտեստներ սիրում ենք գրեթե բոլորս: Դրանց շարքում է անուշաբույր, հագեցած և յուղալի խարչո ապուրը, որը վրացական խոհանոցի իսկական հպարտությունն է:

Դասական բաղադրատոմսում խարչոն պատրաստվում է տավարի մսից՝ թթու լավաշի ավելացմամբ: Այս կծու-թթու ապուրը կջերմացնի ձեզ ցուրտ եղանակներին:

 

Եվ այսպես, մեզ հարկավոր է.

 

Բաղադրիչները՝

Տավարի յուղալի միս – 500 գր.

Սոխ – 2 գլուխ

Սխտոր – 1 պճեղ

Բրինձ – 150 գր.

Դափնու տերև -  2 հատիկ

Հատիկավոր սև պղպեղ – մի քանի հատիկ

Թթու լավաշ – 100 գր.

Ընկույզ – 100 գր.

Կծու կանաչ պղպեղ – կես պատիճ

Տոմատի մածուկ – 1 ճ. գդ.

Աջիկա – 1 ճ. գդ.

Խմելի-սունելի – 1 ոչ լիքը թ. գդ.

Համեմ – կես կապ

Աղ՝ ըստ ճաշակի

 

Խարչո. վրացական խոհանոցի իսկական հպարտությունը

Պատրաստման եղանակը

Միսը լվանում ենք, վրան սառը ջուր լցնում և դնում եփվելու:

Կրակն անջատելուց 15 րոպե առաջ ավելացնում ենք դափնու տերևները, հատիկավոր սև պղպեղն ու աղը:

Պատրաստի միսը կտրատում ենք ոչ մեծ կտորների, իսկ արգանակը՝ մաղի միջով անցկացնում:

Ինչից հետո արգանակը կրկին դնում ենք կրակին, ավելացնում լվացած բրինձն ու մսի կտորները:

Թավայի մեջ մի փոքր կարագով ցածր կրակի վրա շոգեխաշում ենք մանր կտրատված սոխը: Այո՛, ճիշտ կարդացիք, սոխը շոգեխաշում ենք և ոչ տապակում. այն պետք է փափկի, բայց իր գույնը չփոխի: Սա սովորաբար տևում է 10-12 րոպե:

Սոխին ավելացնում ենք տոմատի մածուկն ու աջիկան, խառնում և կրակին թողնում ևս 5 րոպե:

Այս ընթացքում մանրեցնում ենք սխտորը, կտրատում կծու պղպեղը: Ընկույզը կա՛մ մանրեցնում ենք դանակով, կա՛մ անցակցնում մսաղացով:

Միախառնում ենք պղպեղը, ընկույզը, սխտորը և ավելացնում խմելի-սունելին:

Այս զանգվածի վրա մի փոքր արգանակ ենք լցնում և խառնում:

Ստացված ընկուզային խառնուրդն իր հերթին լցնում ենք ապուրով կաթսայիմեջ: Դրան ենք ավելացնում սոխն ու թթու լավաշի բարակ կտորները:

Խորհուրդ. եթե թթու լավաշը չոր է, նախապես այն թրջեք ջրի մեջ:

Վերջում ավելացնում ենք մանր կտրատված համեմը:

Եվ վերջ, մեր անուշաբույր ու համեղ ապուրը պատրաստ է

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում