

Ռուլետ-թխվածքաբլիթ բեզեով, չորամրգերով և ընկույզով
Ռուլետ-թխվածքաբլիթ բեզեով, չորամրգերով և ընկույզով
Ողջույն ընկերներ,
Հյուրերի սպասելիս վերջապես որոշեցի պատրաստել այս թխվածքաբլիթը, որի բաղադրատոմսը չնայած վաղուղ ունեի, բայց ձեռքերս ոչ մի կերպ չէին հասնում դրան:
Պատրաստեցի և փոշմանեցի…որ այսքան ժամանակ հետաձգում էի այն թխելը ☺️
Թխվածքաբլիթը ստացվել էր շատ նուրբ ու համեղ. հյուրերս ուղղակի հիացած էին: Եվ, որ ամենակարևորն է իմ բաղադրատոմսերում, այն պատրաստվում է բավականին հեշտ ու արագ:
Դե ինչ, գնացինք
Բաղադրությունը
Խմորի համար
Ալյուր – 650 գր.
Կարագ – 250 գր.
Դեղնուց – 3 հատ
Թթվասեր – 350 գր.
Վանիլին – 0.5 թ. գդ.
Աղ – 1 պտղունց
Խմորի փխրեցուցիչ – 1 թ. գդ.
Միջուկի համար
Չորամրգեր (ցանկացած, ինձ մոտ ծիրան էր, սալոր, չամիչ և բալ) – 400 գր.
Ընկույզ – 200 գր.
Ձվի սպիտակուց – 3 հատ
Շաքարի փոշի – 180 գր.
Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստում ենք խմորը:
Մեծ թասի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում սենյակային ջերմաստիճանի կարագը, տրորում ենք՝ վերածելով մանր փշուրների: Այնուհետև ավելացնում ենք պատառաքաղով մի փոքր հարված դեղնուցները, թթվասերը, աղը, վանիլինն ու փխրեցուցիչը:
Այս ամենը կարելի է խառնել ձեռքերով: Պետք է ստանանք փափուկ և նուրբ խմոր:
Փաթաթում ենք այն սննդային թաղանթով և դնում սառնարանը՝ 10-15 րոպեով:
Այդ ընթացքում զբաղվենք միջուկով:
Դանակով մանրացնում ենք չորամրգերն ու ընկույզը:
Հարիչով միջին արագությամբ հարում ենք սառնարանից հանված սպիտակուցները՝ վրան ավելացնելով 1 պտղունց աղ. պետք է փարթամ փրփուր ստանանք: Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում հարել՝ արդեն մաքսիմալ արագությամբ՝ մինչև կոշտ գագաթներ ստանալը:
Պատրաստի բեզեի մեջ լցնում ենք կտրատված չորամրգերն ու ընկույզը և գդալով զգուշորեն լավ խառնում: Վերջ, միջուկը պատրաստ է:
Խմորը հանում ենք սառնարանից և բաժանում 6 հավասար մասերի: Յուրաքանչյուր մասը գրտնակում մենք ուղղանկյունի և միջուկը լցնում խմորի եզրով մեկ (մոտ 4-ական ճ. գդ.)՝ ինչպես ցույց է տրված նկարում:
Եթե խմորը կպնում է աշխատանքային մակերեսին, ապա դրա վրա մի փոքր ալյուր շաղ տվեք:
Անձամբ ես վրա բուսայուղ եմ քսում իմ աշխատանքային սեղանի վրա, որպեսզի խմորը չհագեցնեմ ավելորդ ալյուրով:
Մասերից յուրաքանչյուրը զգուշորեն փաթաթում ենք ռուլետաձև:
Դրանք տեղափոխում ենք պերգամենտով ծածկված տապակի մեջ՝ իրարից մի փոքր հեռավորության վրա:
Սուր դանակի օգնությամբ կտրվածքներ ենք անում, բայց ոչ մինչև վերջ: Նայեք նկարին:
Ռուլետը թխում ենք 180° տաքացրած ջեռոցում՝ մինչև թեթև ոսկեգույն երանգը. մոտ 20-25 րոպե:
Հանում ենք ջեռոցից, թողնում մի փոքր սառչի և միայն հետո կտրվածքների տեղերով մասերի ենք բաժանում:
Ահա և վերջ, մեր համեղ ու անուշաբույր թխվածքը պատրաստ է:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected