Պաշտետ հավի թոքով և կոնյակով

Ողջույն ընկերներ

Այսօր մենք պատրաստում ենք համեղագույն պաշտետ հավի թոքից:

Այն պատրաստվում է շատ հեշտ ու արագ, իսկ արդյունքն ուղղակի ցնցող է:

Բացի այդ՝ այս պաշտետն իդեալական է ինչպես տնային նախաճաշերի, այնպես էլ տոնական սեղանի համար:

Եվ այսպես, սկսեցինք.

 

Պաշտետ հավի թոքով և կոնյակով

Բաղադրությունը՝

Հավի թոք - 1 կգ

Սոխ – 2 գլուխ

Գազար – 1 հատ

Կոնյակ – 30 մլ.

Կարագ – 100 գր.

Թթվասեր – 2 ճ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ – 1 թ. գդ.

Աղացած սև պղպեղ – 0.5 թ. գդ.

Քերած մշկընկույզ – 0.3 թ. գդ.

Աղ՝ ըստ ճաշակի

 

Լցվածքի համար

Կարագ – 50 գր.

Կոնյակ – 50 մլ.

Ռոզմարին – 1 ճյուղ

Աղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին մշակում ենք թոքը. հեռացնում ենք երակները:

Ինձանից ձեզ խորհուրդ. ես միշտ թրջում եմ թոքը կաթի մեջ և թողնում սառնարանում ողջ գիշեր:Այսպես թոքի դառնությունը լրիվ դուրս է գալիս:

Սոխը կտրատում ենք միջին կտորների: Տապակի մեջ բուսայուղ ենք լցնում, ավելացնում 30 գր. կարագն ու տապակում սոխը՝ միջին կրակի վրա մոտ 10 րոպե:

Ավելացնում ենք քերած գազարն ու աղացած կարմիր պղպեղը և շարունակում տապակել ևս 5 րոպե: Այնուհետև տապակի պարունակությունը դատարկում ենք ջերմակայուն խորը թասի մեջ:

Նույն թավայի մեջ՝ բուսայուղի և կարագի խառնուրդի մեջ տապակում ենք թոքը՝ մոտավորապես 10-12 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով այն: Եղեք ուշադիր, որպեսզի թոքը չչորացնեք: Մի կտորը կտրեք դանակով և ստուգեք. ներսում պետք է վարդագույն լինի:

Լցնում ենք 30 մլ կոնյակն ու այրում: Այս պրոցեսը կոչվում է ֆլամբավորում: Անցեք հղումով. այնտեղ մանրամասն նկարագրված է պրոցեսը:

Համեմում ենք աղով, սև պղպեղով և մշկընկույզով:

Թոքը պետք է մի փոքր սառչի:

Թոքը դատարկում ենք տապակազ սոխի ու գազարի վրա, այնուհետև ավելացնում ենք 70 գր. փափկեցրած կարագ, թթվասեր և հարում ձեռքի բլենդերով՝ մինչև միատարր զանգված ստանալը:

Պաշտետ հավի թոքով և կոնյակով

Անցնենք լցվածքին

Սա պարտադիր չէ, հանգիստ կարող եք այս փուլը բաց թողնել: Հաճախ ես էլ եմ այդպես անում:

Լցվածքի համար նախատեսված կոնյակը լցրեք կաթսայի մեջ և դրեք թույլ կրակին՝ ալկոհոլը մի փոքր գոլորշիացնելու համար: Կոնյակին ավելացնում ենք կարագն ու ռոզմարինի ճյուղը: Թողեք, որ կարագը լրիվ հալչի, բայց ոչ մի դեպքում չսկսի եռալ և պղպջալ), անջատում ենք կրակը: Թողնում ենք թրմվի 5-6 րոպե, այնուհետև հեռացնում ռոզմարինի ճյուղն ու ստացվածը լցնում պաշտետի վրա:

Ձեզ հետ կիսվեմ մի գաղտնիքով. այս անգամ կոնյակի փոխարեն ես սխալմամբ օգտագործել եմ բալի տնական լիկյոր, բայց իմ սխալը դարձավ համային նոր ձեռքբերում J, որովհետև այն պաշտետին յուրահատուկ համ հաղորդեց, չնայած, որ բալը ընդհանրապես չէր զգացվում: Այդ իսկ պատճառով իմ լցվածքի գույնը կարմրավուն է ստացվել:

Ահա և վերջ

Պաշտետը մատուցում եմ հացի տապակած կտորներով:

Ամենայն բարիք և բարի ախորժակ

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում