Մերենգային ռուլետ ազնվամորու կուլիով

Ողջույն ընկերներ

Թեթև, նուրբ, եթերային, նրբաճաշակ, համեղ… մտածում եք՝ ի՞նչի մասին եմ խոսում:

Իսկ ես խոսում եմ մերենգային ռուլետի մասին, որն էլ այսօր պատրաստելու ենք. այն իսկապես հրաշալի է:

Իրականում ռուլետը պատրսատելը բարդ չէ, և եթե հետևեք որոշակի կանոնների, որոնց մասին ես ընթացքում կխոսեմ, այն ձեզ մոտ կստացվի առաջին անգամից:

 

Եվ այսպես, մեզ հարկավոր է.

 

Բաղադրիչները՝

Մերենգայի համար

Ձվի սպիտակուց – 6 հատ

Շաքարավազ – 200 գր.

Լիմոնի աղ – մեկ պտղունց

Աղ – մեկ պտղունց

Եգիպտացորենի օսլա – 25 գր.

 

Կրեմի համար

Կաթնաշոռային պանիր – 250 գր.

Սերուցք 33-36% - 100մլ

Շաքարի փոշի – 40 գր. (2 ճ. գդ.)

Վանիլին – դանակի ծայրով

 

Հատապտղային կուլիի համար

Ազնվամորի (կամ ցանկացած այլ հատապտուղ) – 200 գր.

Շաքարավազ – 50 գր.

Եգիպտացորենի օսլա – 1 ճ. գդ.

Ջուր – 3-4 ճ. գդ.

Մերենգային ռուլետ ազնվամորու կուլիով

Պատրաստման եղանակը

Նախ պատրաստենք ազնվամորու կուլին, քանի որ այն պետք է հասցնի լավ սառչել այն պահին, երբ արդեն պատրաստ կլինի մերենգային կորժը:

Շաքարավազն ու ազնվամորին լցնում ենք կաթսայի մեջ, դնում միջին կրակի վրա և եփում մոտ կես րոպե: Ինչից հետո ացելացնում ենք սառը ջրում բացած օսլան և եփում մինչ թանձրանալը (դա կտևի 2-3 րոպե): Մի կողմ ենք դնում, որ սառչի:

Անցնենք բեզեյի պատրաստմանը

Ձուն սառնարանից հանելուց անմիջապես հետո սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից:

Կանոն համար մեկ. դեղնուցից ոչ մի կաթիլ չպետք է խառնվի սպիտակուցին, հակառակ դեպքում այն հարելիս չենք ստանա կայուն բեզե:

 

Կանոն համար երկուս.  հարելուց առաջ սպիտակուցները պետք է կես ժամ մնան սենյակային ջերմաստիճանում: Այսպես դրանց կոնսիստենցիան ավելի փափուկ է դառնում, և սպիտակուցները հարվելիս հեշտությամբ հագենում են թթվածնով և, հետևաբար, ավելի փքուն են դառնում:

Սպիտակուցները լցնում ենք հարիչի տարայի մեջ:

 

Կանոն համար երեք. հետևեք, որ սպասքը լինի ամբողջովին չոր և մաքուր:

Ավելացնում ենք աղն ու լիմոնի աղը և միքսերով հարում միջին արագությամբ: Մի քանի րոպեից, երբ կսկսի առաջանալ փրփուրը, արագությունը դարձնում ենք մաքսիմալ և շարունակում հարել՝ ընթացքում ավելացնելով մեկական գդալ շաքարավազ:

Հարում ենք մինչ կոշտ գագաթներ ստանալը: Վերջում ավելացնում ենք օսլան և խառնում միքսերով:

Ջեռոցի տապակը ծածկում ենք պերգամենտով կամ, եթե ունեք թխելու համար նախատեսված սիլիկոնե գորգ, դա օգտագործեք:

Լցնում ենք մերենգան հավասար հարթ շերտով (վրան կարող եք նուշի թերթիկներ շաղ տալ) և ուղարկում ենք նախապես մինչ 160° տաքացրած ջեռոցը (ռեժիմը՝ վերև-ներքև) 25-30 րոպեով:

Մերենգային ռուլետ ազնվամորու կուլիով

Պատրաստի մերենգան շուռ ենք տալիս չոր մաքուր մակերեսի վրա, օրինակ՝ պերգամենտի կամ սիլիկոնե գորգի, թողնում ենք մի փոքր սառչի և զգուշորեն հեռացնում պերգամենտը:

Մինչ մերենգան թխվում է, պատրաստենք կրեմը.

Հարում ենք սառը սերուցքը՝ մինչ կայուն գագաթներ ստանալը, ավելացնոմ ենք կաթնաշոռային պանիրը, շաքարի փոշին և վանիլինը: Հարում ենք ևս 30 վայրկյան:

Կրեմը քսում ենք մերենգայի վրա: Հետևեք, որ կրեմի շերտը ստացվի հավասար և ոչ շատ հաստ՝ 2-3 մմ_ից ոչ ավել:

Կրեմի վրա հավասար շերտով քսում ենք ազնվամորու կուլին (վրան կարող ենք հատապտուղներ շաղ տալ) և կորժը զգուշորեն փաթաթում ռուլետի ֆորմայով:

Ստացված ռուլետը փաթաթում ենք պերգամենտով կամ թղթով և մի քանի ժամով դնում սառնարանը:

Այն կարելի է զարդարել հատապտուղներով և անանուխի տերևներով:

 

Վուալյա, մնաց համտեսել

Բարի ախորժակ և ամենայն բարիք


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ