

Մարինացված սալոր. պիկանտ նախուտեստ ձմռան համար
Մարինացված սալոր
Ողջույն, ընկերներՔանի դեռ սալորի սեզոն է, առաջարկում եմ պատրաստենք շատ պիկանտ նախուտեստ ձմռան համար՝ մարինացված սալոր:
1 կգ սալորից ստացվում է 2 հատ մեկ լիտրանոց բանկա, հնարավոր է նաև՝ 1 հատ կես լիտրանոց:
Կարևոր է օգտագործել միայն շատ ձիգ սալորները, ոչ փափուկները:
Երբ ես առանձնացնում էի սալորները, հավաքվեց գրեթե 1 կգ փափուկ սալոր: Դրանցից ես նոր սոուս «հորինեցի», որի բաղադրատոմսով կկիսվեմ մեկ ուրիշ անգամ ☺️
Իսկ այս նախուտեստի համար մեզ անհրաժեշտ է.
Բաղադրատոմսը՝
Սալոր - 1 կգ
Ջուր - 1.2 լ
Խոշոր աղ - 2 ճ. գդ.
Շաքարավազ - 1.5 ճ. գդ.
Քացախի էսենցիա - 2 թ. գդ.
Մեխակ - 8 հատ
Բահար (душистый перец) - 8 հատիկ
Սև պղպեղ - 8 հատիկ
Սխտոր - 5 խոշոր պճեղ
Սամիթ - մի քանի ճյուղ
Կարող եք նաև screen անել նկարը ☺️
Պատրաստման եղանակը
Սխտորի յուրաքանչյուր պճեղ կտրում ենք շերտերի:
Սալորը կտրում ենք մի կողմից, հանում ենք կորիզները: Զգուշ եղեք, որպեսզի սալորը երկու մասի չբաժանեք:
Յուրաքանչյուր սալորի մեջ դնում ենք 1 շերտ սխտոր և սամիթ: Ոչ մի դեպքում սամիթը չկտրեք, պարզապես ծալեք այն և դրեք:
Նայեք նկարին՝ ինչ տեսքով այն պետք է լինի:
Մարինացված սալոր
Բանկաները նախօրոք ստերիլիզացնում ենք:Ինչից հետո դրանց մեջ դասավորում ենք սալորը, վրան լցնում եռացող ջուրը, այդպես թողնում 5-6 րոպե և այդ ջուրը դատարկում կաթսայի մեջ, ջրին ավելացնում ենք աղն ու շաքարավազը և կրկին եռացնում:
Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնում ենք 4-ական մեխակ, բահար և սև պղպեղ:
Լցնում ենք մարինադը և յուրաքանչյուր բանկայի մեջ ավելացնում 1-ական թ. գդ. քացախի էսենցիա:
Փակում ենք բանկաները, շուռ ենք տալիս, փաթաթում, ծածկում դրանք և թողնում մինչ սառչելը:
Ահա և վերջ:
Ձմռանն արդեն ձեր ընտանիքի անդամներին և հյուրերին կզարմացնեք այս նրբաճաշակ նախուտեստով: Բացի այդ՝ այն շատ գեղեցիկ է նայվում սեղանին:
Բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected