Գազարով տորթ

Ողջույն ընկերներ

Սուրբ Զատկի նախօրեին ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ ամենասիրելի աղանդերներից մեկի՝ գազարով տորթի բաղադրատոմսով:

Իհարկե այն կարելի է և պետք է պատրաստել կլոր տարի, ինչն ինքս եմ անում, պարզապես այս անգամ նկարով ցույց կտամ տորթը զարդարելու երկու տարբերակ՝ ամենօրյա և հատուկ Զատիկի համար:

Դե իսկ դուք կարող եք զարդարել տորթն այնպես, ինչպես թույլ կտա ձեր երևակայությունը և կոնկրետ հատուկ առիթը:

Այս տորթին անհնար է չսիրահարվել, ուստի այն անպայման պետք է պատրաստել:

Եվ այսպես, գնացինք:

 
Բաղադրիչները՝

Ձու - 4 հատ

Քերած գազար - 400 գր.

Նարինջ - 1 հատ

Շաքարավազ (կարելի է նաև շագանակագույն) - 200 գր.

Ընկույզ - 200 գր.

Հոտ չունեցող բուսայուղ - 100 մլ

Ալյուր - 300-350 գր.

Փխրեցուցիչ (Разрыхлитель) - 1 թ. գդ.

Դարչին - 0.5 թ. գդ.

Հիլ աղացած - 1 պտղունց

Մշկընկույզ - 1 պտղունց

Աղ - 1 պտղունց

 

Կրեմի համար

 

Սերուցք 33-36% - 150մլ

Մասկարպոնե - 250 գր.

Շաքարի փոշի - 2-3 ճ. գդ.

Վանիլին - դանակի ծայրով

 

Զարդարելու համար

 

Բիսկվիթ՝ ներկված կանաչ գույնով

Նուշի թերթիկներ (քերուկ)

Զատկի ձվի տեսքով կոնֆետներ

Նարնջի ցեդրա

 

Պատրաստման եղանակը

Սկզբում թեթև կարմրացնում ենք ընկույզը չոր տապակի մեջ, այնուհետև՝ կտրատում:

Միջին քերիչով անցկացնում ենք գազարը: Քերում ենք նաև նարնջի ցեդրան և ավելացնում գազարին:

Թասի մեջ խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները՝ ալյուրը, համեմունքները, աղն ու փխրեցուցիչը:

Անցնենք բիսկվիթին:

Միքսերով հարում ենք ձուն և շաքարավազը՝ մինչև բաց գույնի և փքուն փրփուրի առաջանալը: Բարակ շիթով լցնում ենք բուսայուղը՝ չդադարելով հարելը, բայց արդեն ցածր արագությամբ:

Ավելացնում ենք չոր բաղադրիչները և լավ խառնում ենք վենչիկով: Վերջում ավելացնում ենք գազարն ու ընկույզը: Խառնում ենք:

Ֆորման ծածկում ենք պերգամենտով, հատակը ու կողքերը քսում բուսայուղով: Խմորը դատարկում ենք ֆորմայի մեջ և դնում 180° տաքացրած ջեռոցն ու թխում 40-50 րոպե:

Անպայման փայտիկով ստուգեք խմորի պատրաստ լինելը. փայտիկը խմորից պետք է չոր դուրս գա:

Կրեմը պատրաստելու համար հարում ենք սերուցքը, շաքարի փոշին ու վանիլինը, ավելացնում ենք մասկարպոնեն, հարում ևս մի քանի վայրկյան  և վերջ, կրեմը պատրաստ է: Այն ստացվում է շատ նուրբ և թեթև:

Կրեմը առատորեն քսում ենք պատրաստի բիսկվիթի գագաթին ու կողքերին:

Ամենօրյա զարդարանքի համար ես օգտագործում եմ օշարակի մեջ եփած նարնջի ցեդրան:

Ահա ինչպես այն պատրաստել.

Հատուկ դանակով հեշտությամբ հանում ենք կաշին՝ բարակ ժապավեններով:

աղանդեր, տորթ, գազարով տորթ, Զատիկի համար, Զատիկի սեղան, Զատիկի մենյու, Զատիկ, խմորեղեն Գազարով տորթ

 

Եթե չունեք հատուկ դանակ, կտրեք կեղևի կտորները՝ աշխատելով չվերցնել  սպիտակ դառը մասը:

Փոքր կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ սառը ջուր, ավելացնում մոտ ¾ բաժակ շաքարավազ և հասցնում եռման աստիճանի:

Երբ շաքարավազը կհալվի, թողնում ենք, որ օշարակը մի քանի րոպե եռա ցածր կրակին, լցնում ենք նարնջի ցեդրան և 20 րոպե եփում՝ երբեմն խառնելով:

Խորհուրդ. ցեդրան եփելուց առաջ ցանկալի է դրանք մի քանի ժամով թրջել սառը ջրում: Ջուրը ժամանակ առ ժամանակ փոխեք:

Այս եղանակով ցեդրան գրեթե կորցնում է իր դառնությունը:

 

աղանդեր, տորթ, գազարով տորթ, Զատիկի համար, Զատիկի սեղան, Զատիկի մենյու, Զատիկ, խմորեղեն Գազարով տորթ

 

Իսկ հիմա անցնենք տոնական զարդարանքին:

Պատրաստում ենք բիսկվիթային խմոր՝ օգտագործելով 1 ձու, 1 ճ. գդ. շաքարավազ, 1.5 ճ. գդ. ալյուր: Խմորին ավելացնում ենք կանաչ գույնի սննդային գունանյութ և թխում ուղիղ 5 րոպե: Ուշադիր եղեք, որ չչորացնեք:

Արդեն սառած բիսկվիթը ձեռքերով մանրացնում ենք փշրանքների (սա կլինի մեր խոտը):

Տորթը զարդարում ենք այդ փշրանքներով, նուշի քերուկով և կոնֆետներով:

Այս զարդարանքը հատկապես կուրախացնի երեխաներին, քանի որ բացի համեղ տորթից, նրանց բաժին կհասնեն նաև կոնֆետները ☺️

 

Շնորհավորում եմ գալիք ամենալուսավոր տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ


Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

Բարի ախորժակ