Գառնի Յարախ գառան մսով

Ողջույն սիրելի ընկերներ

Ինչպես արդեն ասել եմ, սմբուկն իմ ամենասիրելի բանջարեղենն է, և սեզոնին ես փորձում եմ այն առավելագույնս օգտագործել ու դրանից զանազան ուտեստներ պատրաստել:

Այսօր պատրաստելու ենք յուրաքանչյուր տանտիրուհուն հայտնի ուտեստներից մեկը՝ գառնի յարախ:

Վստահ եմ, որ յուրաքանչյուր տանտիկին ունի այս ուտեստը պատրաստելու իր գաղտնիքներն ու նյուանսները, բայց ես ուրախ կլինեմ ձեզ հետ կիսվել իմ բաղադրատոմսով:

Այն տարբերվում է դասականից, քանի որ ես օգտագործում եմ միայն գառան միս և որոշակի համեմունքներ 😉

 

Եվ այսպես, մեզ պետք է.

 

Բաղադրիչները՝

Աղացած գառան միս – 1 կգ

Սմբուկ – 8 հատ

Սոխ – 2 գլուխ

Լոլիկ – 4 հատ

Համեմ – 1 կապ

Աղ՝ ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ – ½ թ. գդ.

Աղացած կարմիր պղպեղ – ½ թ. գդ.

Սումախ – ½ թ. գդ.

Բահար – ½ թ. գդ.

Տոմատի մածուկ – 1 ճ. գդ.

Կարագ – 30 գր.

Բուսայուղ՝ տապակելու համար

Գառնի Յարախ գառան մսով

Պատրաստման եղանակը.

Ուտեստի համար պետք է ընտրել առանց վնասվածքների, երկարավուն և թմբլիկ սմբուկներ:

Լվանում ենք դրանք, կտրում պոչերը և մասնակիորեն մաքրում կեղևը, ինչից հետո ամբողջ երկարությամբ կտրվածք ենք անում ոչ մինչև վերջ՝ յուրաքանչյուր եզրից թողնելով 1.5 սմ:

Սմբուկները բոլոր կողմերից տապակում ենք ձիթայուղի մեջ: Եղեք զգուշ, որ շատ չտապակեք. դրանք չպետք է լխկեն:

Թողնում ենք սմբուկները մի փոքր սառչեն, ապա մեջտեղի հատվածը բացում ենք՝ տալով սմբուկին նավակի տեսք ու ներսից մի փոքր աղ անում:

Կարագի և 2 գդալ ձիթայուղի խառնուրդի մեջ տապակում ենք սոխը մինչ կարմրելը: Ավելացնում ենք ֆարշը, մի փոքր ջուր լցնում, լավ խառնում՝ գնդիկներից խուսափելու համար, ծածկում ենք կափարիչն ու շոգեխաշում՝ պարբերաբար խառնելով:

Խորանարդաձև կտրատում ենք 3 լոլիկը՝ նախապես դրանց կեղևը հանելով:

Լոլիկները խառնում ենք ֆարշին և շարունակում տապակել՝ արդեն առանց կափարիչի մինչ ամբողջ հեղուկը կգոլորշիանա:

Վերջում ավելացնում ենք համեմունքներն ու մանր կտրատված համեմը:

Ստացված ֆարշով լցոնում ենք մեր սմբուկները:

Տոմատի մածուկը բացում ենք կես բաժակ ջրի հետ, մի քիչ աղ անում, լցնում ջեռոցի տապակի վրա և այնտեղ դասավորում սմբուկները:

Յուրաքանչյուր սմբուկի վրա դնում ենք լոլիկի մի կտոր և տապակում 200° տաքացրած ջեռոցում՝ 15-20 րոպե:

Վերջ, համեղ Գառնի յարախը պատրաստ է

 

Ամենայն բարիք և բարի ախորժակ ☺️

 

Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:  

Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:

Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում

  Բարի ախորժակ