

Ապուր չխրթմա վրացական ձևով
Ապուր չխրթմա վրացական ձևով
Ողջույն ընկերներ
Այսօր պատրաստելու ենք շատ համեղ վրացական ապուր՝ չխրթմա:
Հրաշալի ապուր՝ համեղ, յուղալի և շատ անուշաբույր ու, կարևորը, հեշտ պատրաստվող: Ապուրը, իմիջայլոց, նաև խումհարի դեմ հրաշալի միջոց է ☺️
Բաղադրությունը
Յուղոտ հավ
Սոխ - 1 մեծ գլուխ
Ձու – 5 հատ
Ալյուր – 1 լիքը ճ. գդ.
Համեմ – 1 կապ
Քացախ 9% - 1 ճ. գդ.
Չորացրած անանուխ – 1 պտղունց
Աղ՝ ըստ ճաշակի
Ապուր չխրթմա վրացական ձևով
Պատրաստման եղանակը
Լվանում ենք հավը, կտրատում, դնում կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնում և դնում եփվելու՝ պարբերաբար հեռացնելով փրփուրը: Վերջում համեմում ենք աղով և մի կողմ դնում:
Պատրաստի արգանակից վերցնում ենք 2 բաժակ, լցնում թասի մեջ և դնում սառչելու:
Շատ մանր խորանարդներով կտրատում ենք սոխն ու լցնում մեկ այլ կաթսայի մեջ, որում եփելու ենք ապուրը:
Ճաշի գդալով զգուշությամբ արգանակի յուղը (ինչքան կլինի) լցնում ենք սոխի վրա և մարմանդ եփում թույլ կրակին 5-6 րոպե. սոխը պետք է փափկի, բայց իր գույնը չփոխի:
Ոչ մի դեպքում չի կարելի այն տապակել:
Արգանակը մաղի միջով անցկացնելով լցնում ենք սոխի վրա:
Լցնում ենք ալյուրը մեծ բաժակի կամ ափսեի մեջ, վրան ավելացնում սառած արգանակից 0.5 բաժակ և վենչիկով լավ հարում, որպեսզի գնդիկներ չլինեն:
Այնուհետև ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և եռացնում՝ անընդհատ խառնելով:
Առանձին թասի մեջ կոտրում ենք ձուն, ավելացնում մանրացված համեմը, քացախը և քիչ-քիչ ավելացնում մնացած սառած արգանակին՝ այդ ընթացքում անընդհատ խառնելով, որպեսզի ձուն չկտրվի:
Ապուր չխրթմա վրացական ձևով
Այս զանգվածը կրկին լցնում ենք կաթսայի մեջ, հասցնում եռման աստիճանի, բայց ոչ մի դեպքում չենք եռացնում:
Ապուրին ավելացնում հավի կտորները, անհրաժեշտության դեպքում կրկին համեմում աղով, ավելացնում ենք չորացրած անանուխն ու վերջ:
Ապուրը պատրաստ է, կարող եք վայելել:
Ամենայն բարիք և բարի ախորժակ
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected