

Աղանդեր՝ ելակով և Սավոյարդի թխվածքաբլիթով
Աղանդեր՝ ելակով և Սավոյարդի թխվածքաբլիթով
Ողջույն ընկերներ
Ես այսօր անսպասելի իմացա, որ երեկոյան հյուրեր եմ ունենալու: Որոշեցի տեսնեմ՝ ինչ կա տանը և ինչ կարող եմ դրանից մոգոնել 😉
Պարզվեց, որ տանը Սավոյարդի թխվածխաբլիթ, սերուցք և կաթնաշոռ ունեմ:
Այսքանը բավական է ա-լյա տիրամիսու աղանդերի համար, սակայն լիարժեք երջանկության համար պակասում են հատապտուղները:☺️
Պետք է արագ գնալ ելակի հետևից:
Այսպիսով՝Բաղադրատոմսը՝
Ելակ - 1 կգ
Սավոյարդի/ Savoiardi թխվածքաբլիթներ - 24 ձողիկ
Սերուցք 33% - 300 մլ
Կաթնաշոռ - 500 գր.
Կոնյակ - 2 ճ. գդ.
Շաքարավազի փոշի - 180 գր.
Ժելատին - 1 ոչ լիքը թ. գդ. (պարտադիր չէ)
Պատրաստման եղանակը.
Բլենդերով հարեք կաթնաշոռը կամ այն անցկացրեք մաղի միջով՝ միատարր զանգված ստանալու համար:
Սերուցքն ու շաքարավազի փոշու հարիչով հարեք, ավելացրեք կաթնաշոռն ու մի փոքր էլ հարիչով խառնեք (5-6 վրկ.):
Ավելացրեք ժելատինը, եթե ցանկանում եք՝ զանգվածն ավելի ձիգ լինի:
Դրա համար պետք է ժելատինի վրա լցնել եռացրած, բայց անպայման սառեցրած ջուր (մոտ 80 գր.) և թողնել, որ այն ուռչի 20-25 րոպե: Այնուհետև պետք է այն տաքացնել թույլ կրակի վրա, բայց ուշադիր եղեք, որ ժելատինը չեռա, թե չէ այն կկորցնի իր գելային հատկությունները:
Վերջ, ավելացրեք ժելատինն արդեն պատրաստի կաթնաշոռային մուսին:
Աղանդեր՝ ելակով և Սավոյարդի թխվածքաբլիթով
Կես կգ ելակը մաքրեք պոչերից և 2 ճ. գդ շաքարավազի փոշու հետ հարեք բլենդերում: Ստացված զանգվածից վերցրեք մի քանի ճ. գդ.:
Մնացածը ավելացրեք կաթնաշոռային զանգվածին և խառնեք:
Առանձնացրած մի քանի ճ. գդ. Հարած ելակին ավելացնում ենք կոնյակն ու 100 մլ եռացրած-գոլացրած ջուր:
Վերցնում ենք ուղղանկյուն կամ քառակուսի ֆորման: Ինձ մոտ 24-ը 24-ի վրա ապակյա ֆորմա է:
Թաթախում ենք Սավոյարդին ելակա-կոնյակային հյութի մեջ և առաջին շերտով դասավորում ենք թխվածքաբլիթները մեր ֆորմայի հատակին: Դրանք շարում ենք մաքսիմալ մոտ:
Վրան լցնում ենք կաթնաշոռային զանգվածի ուղիղ կեսը, իսկ դրա վրա՝ կտրատված թարմ ելակի առաջին շերտը: Այնուհետև կրկին դասավորում ենք թխվածքաբլիքները նույն եղանակով, վրան լցնում մնացած կաթնաշոռային զանգվածը և զարդարում թարմ ելակով:
Եվ վերջ:
Ձեզ մնում է մեկ գավաթ սուրճ կամ թեյ պատրաստել ու վայելել:
Բաղադրատոմսը կարող եք Save անել՝ սեղմելով վերնագրի ներքևում գտնվող կոճակը:
Այլ բաղադրատոմսերի համար անցեք հղումով:
Ինչպես նաև հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում


Այս բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Kisvir.am հարթակի ադմինիստրացիայի տեսակետների հետ


Stay connected